Ավետարան ըստ Հովհաննէսի
14
Յիսուս՝ ճամբան դէպ ի հայրը
1Սիրտերնիդ չխռովի. Աստուծոյ հաւատացէք, ինծի ալ հաւատացէք։ 2Իմ Հօրս տունը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ՝ ես ձեզի պիտի ըսէի, Հիմա կ’երթամ ու ձեզի տեղ կը պատրաստեմ։ 3Եւ եթէ երթամ ու ձեզի տեղ պատրաստեմ, նորէն կու գամ և ձեզ քովս կ’առնեմ, որպէս զի ուր ես եմ՝ դուք ալ հոն ըլլաք։ 4Եւ ուր ես կ’երթամ՝ գիտէք, ու ճամբան ալ գիտէք։ 5Թովմաս ըսաւ անոր, Տէր, չենք գիտեր ո՛ւր կ’երթաս, և ի°նչպէս կրնանք ճամբան գիտնալ։ 6Յիսուս ըսաւ անոր, Ես եմ ճամբան ու ճշմարտութիւնը և կեանքը. մէկը Հօրը քով չգար՝ եթէ ոչ ինծմով։ 7Եթէ զիս ճանչնայիք, իմ Հայրս ալ կը ճանչնայիք և ասկէ ետև կը ճանչնաք զանիկա ու տեսաք զանիկա։ 8Փիլիպպոս ըսաւ անոր, Տէր, Հայրը մեզի ցուցուր, ու հերիք է մեզի։ 9Ըսաւ անոր Յիսուս, Այսքան ժամանակ ձեզի հետ եմ, և զիս չճանչցա՞ր, Փիլիպպոս. ան որ զիս տեսաւ՝ Հայրը տեսաւ, և դուն ի՞նչպէս կ’ըսես թէ Հայրը մեզի ցուցուր։ 10Չե՞ս հաւատար թէ ես Հօրը մէջ եմ ու Հայրը իմ մէջս է. այն խօսքերը զորոնք ես ձեզի կը խօսիմ, ոչ թէ ինքիրմէս կը խօսիմ, հապա Հայրը որ իմ մէջս բնակած է, անիկա կը գործէ այն գործերը։ 11Հաւատացէք ինծի, թէ ես Հօրը մէջ եմ ու Հայրը իմ մէջս է. 12Ապա թէ ոչ՝ գոնէ գործերուն համար ինծի հաւատացէք։ Ճշմարիտ ճշմարիտ կ’ըսեմ ձեզի թէ Ան որ ինծի կը հաւատայ, այն գործերը զորոնք ես կը գործեմ, ինք ալ պիտի գործէ, և անոնցմէ աւելի մեծ գործեր պիտի գործէ, վասն զի ես Հօրս քով կ’երթամ։ 13Եւ իմ անունովս ինչ որ խնդրէք, պիտի կատարեմ զանիկա, որպէս զի Հայրը Որդիովը փառաւորուի։ 14Եթէ իմ անունովս բան մը խնդրէք, զանիկա պիտի կատարեմ։ 15Եթէ զիս կը սիրէք, իմ պատուիրանքներս պահեցէք։
Յիսուս սուրբ հոգին ղրկել կը խոստանայ
16Ես ալ Հօրը պիտի աղաչեմ, և ուրիշ Մխիթարիչ մը պիտի տայ ձեզի, որպէս զի յաւիտեան ձեզի հետ բնակի. 17Ճշմարտութեան Հոգին, զոր այս աշխարհը չկըրնար ընդունիլ, վասն զի չտեսներ զանիկա ու չճանչնար զանիկա. բայց դուք կը ճանչնաք զանիկա, վասն զի ձեր քով կը բնակի և ձեր մէջ պիտի ըլլայ։ 18Ձեզ որբ չեմ թողուր, կու գամ ձեզի։ 19Քիչ մը ատենէն ետև ա՛լ աշխարհ զիս չտեսներ. բայց դուք պիտի տեսնէք զիս, վասն զի ես կենդանի եմ, և դուք կենադնի պիտի ըլլաք։ 20Այն օրը պիտի գիտնաք թէ ես իմ Հօրս մէջ եմ, և դուք իմ մէջս, ես ալ ձեր մէջ։ 21Ան որ իմ պատուէրներս կը բռնէ ու կը պահէ զանոնք, անիկա է զիս սիրողը. և ան որ զիս կը սիրէ՝ իմ Հօրմէս պիտի սիրուի. ու ես զանիկա պիտի սիրեմ, և ինքզինքս անոր պիտի յայտնեմ։ 22Ըսաւ անոր Յուդա, (ոչ Իսկարիովտացին,) Տէր, ի՞նչպէս կ’ըլլայ որ դուն ինքզինքդ մեզի պիտի յայտնես, և ոչ թէ աշխարհի։ 23Յիսուս պատասխան տուաւ ու ըսաւ անոր, Եթէ մէկը զիս կը սիրէ, իմ խօսքս պիտի պահէ. ու իմ Հայրս զանիկա պիտի սիրէ, և անոր պիտի գանք ու անոր քով օթևան պիտի ընենք։ 24Ան որ զիս չսիրեր, իմ խօսքերս չպահեր. ու այն խօսքը զոր կը լսէք՝ իմս չէ, հապա Հօրը՝ որ զիս ղրկեց։ 25Այս բաները ձեզի խօսեցայ, քանի որ ձեր քով եմ։ 26Բայց Մխիթարիչը, Սուրբ Հոգին, զոր Հայրը իմ անունովս պիտի ղրկէ, անիկա ձեզի բոլորը պիտի սորվեցնէ, և ինչ որ ձեզի ըսի՝ միտքերնիդ պիտի բերէ։ 27Խաղաղութիւն կը թողում ձեզի, իմ խաղաղութիւնս կու տամ ձեզի. ոչ թէ ինչպէս աշխարհս կու տայ՝ ես ձեզի կու տամ. սիրտերնիդ չխռովի ու չվախնայ։ 28Լսեցիք որ ես ըսի ձեզի թէ Կ’երթամ ու ձեզի կու գամ. եթէ զիս սիրէիք՝ պիտի ուրախանայիք, թէ ես Հօրը քով կ’երթամ, վասն զի իմ Հայրս ինծմէ մեծ է։ 29Եւ հիմակուընէ դեռ չեղած ըսի ձեզի, որպէս զի երբ ըլլայ՝ հաւատաք։ 30Ալ ձեզի հետ շատ պիտի չխօսիմ, վասն զի այս աշխարհին իշխանը կու գայ, և իմ վրաս բան մը չունի. 31Միայն թէ աշխարհ գիտնայ որ ես Հայրը կը սիրեմ, ու ինչպէս Հայրը ինծի պատուիրեց, այնպէս կ’ընեմ. ելէք, ասկէ երթանք։
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981