Ավետարան ըստ Հովհաննէսի

18

Յիսուսին ձերբակալութիւնը

1Յիսուս այս բաները ըսելէն ետև՝ իր աշակերտներուն հետ մէկտեղ Կեդրոն հեղեղատին անդիի կողմը ելաւ, ուր պարտէզ մը կար, որուն մէջ մտաւ ինք ու իր աշակերտները։ 2Եւ Յուդա ալ, որ զանիկա պիտի մատնէր, գիտէր այն տեղը, վասն զի Յիսուս շատ անգամ իր աշակերտներուն հետ մէկտեղ հոն ժողվուած էր։ 3Ուստի Յուդա զինուորներուն գունդը ու քահանայապետներէն և փարիսեցիներէն սպասաւորներ իրեն հետ առնելով՝ այն տեղ եկաւ ջահերով ու լապտերներով և զէնքերով։ 4Իսկ Յիսուս իր վրայ գալու բոլոր բաները գիտնալով՝ ելաւ ու ըսաւ անոնց, Ո՞վ կը փնտռէք։ 5Պատասխան տուին անոր, Նազովրեցի Յիսուսը. ըսաւ անոնց Յիսուս, Ես եմ. Յուդա ալ, որ զանիկա կը մատնէր, անոնց հետ կայնէր էր։ 6Ու երբ ըսաւ թէ Ես եմ, ետ ետ գացին ու գետինը ինկան։ 7Եւ նորէն հարցուց անոնց, Ո՞վ կը փնտռէք. անոնք ալ ըսին, Նազովրեցի Յիսուսը։ 8Յիսուս պատասխան տուաւ, Ձեզի ըսի թէ Ես եմ. ուստի եթէ զիս կը փնտռէք, թող տուէք ատոնք որ երթան։ 9Որպէս զի կատարուի այն խօսքը զոր ինք ըսեր էր թէ Զանոնք որ ինծի տուիր, անոնցմէ մէ՛կն ալ չկորսնցուցի։ 10Այն ատեն Սիմոն , որ սուր մը ունէր, քաշեց զանիկա ու քահանայապետին ծառային զարնելով՝ անոր աջ ականջը կտրեց հանեց. և այն ծառային անունը Մաղքոս էր։ 11Իսկ Յիսուս ըսաւ Պետրոսի, Սուրդ իր պատեանը դիր. այն գաւաթը զոր Հայրը ինծի տուաւ՝ պիտի չխմե՞մ զանիկա։

Յիսուս Աննային առջև

12Ուստի զինուորներուն գունդը ու հազարապետը և Հրէից սպասաւորները բռնեցին Յիսուսը ու կապեցին: 13Եւ առաջ զանիկա Աննայի տարին, քանզի ինք այն տարուան քահանայապետին, Կայիափայի, աներն էր։ 14Եւ այս Կայիափան էր, որ Հրէից խրատ տուաւ թէ Աղէկ է որ մարդ մը կորսուի ժողովուրդին համար։

Պետրոս Յիսուսը կ’ուրանայ

15Ու Յիսուսի ետևէն կ’երթային Սիմոն Պետրոս և ուրիշ մը. և այն աշակերտը քահանայապետին ճանչուորÁ ըլլալով՝ Յիսուսի հետ քահանայապետին գաւիթը մտաւ։ 16Բայց Պետրոս դուրսը դրանը քով կը կենար. ուստի ելաւ միւս աշակերտը, որ քահանայապետին ճանչուորն էր, և ըսաւ դռնապանին, ու ներս մտցուց Պետրոսը։ 17Այն ատեն դռնապան աղջիկը ըսաւ Պետրոսի, Միթէ դո՞ւն ալ այն մարդուն աշակերտներէն ես. ան ալ ըսաւ, Չեմ։ 18Իսկ ծառաները ու սպասաւորները հոն կայներ էին, և կրակ վառած կը տաքնային, քանզի ցուրտ էր։ Պետրոս ալ անոնց հետ կայներ էր ու կը տաքնար։

Քահանայապետը Յիսուս կը հարցաքննէ

19Եւ քահանայապետը Յիսուսի հարցուց անոր աշակերտներուն ու վարդապետութեանը վրայով։ 20Յիսուս պատասխան տուաւ անոր, Ես աշխարհի յայտնի խօսեցայ. ես ամէն ատեն ժողովարաններուն մէջ ու տաճարին մէջ սորվեցուցի, ուր բոլոր Հրէաները կը ժողվուին, ու ծածկաբար բան մը չխօսեցայ։ 21Ինչո՞ւ ինծի կը հարցնես, լսողներուն հարցուր թէ ի՛նչ խօսեցայ իրենց. ահա ինչ որ խօսեցայ՝ գիտեն իրենք։ 22Երբ զայս ըսաւ, սպասաւորներէն մէկը որ հոն կայներ էր, Յիսուսի ապտակ մը զարկաւ՝ ըսելով, Այդպէ՞ս պատասխան կու տաս քահանայապետին։ 23Յիսուս անոր պատասխանեց, Եթէ չար խօսեցայ, վկայէ չարին համար. իսկ եթէ խօսեցայ, ինչո՞ւ կը զարնես ինծի։ 24Եւ Աննա զանիկա կապած՝ Կայիափա քահանայապետին ղրկեց։

Պետրոս դարձեալ կ’ուրանայ

25Սիմոն Պետրոս ալ հոն կայներ էր ու կը տաքնար. և ըսին իրեն, Միթէ դո՞ւն ալ անոր աշակերտներէն ես. անիկա ուրացաւ ու ըսաւ թէ Չեմ։ 26Քահանայապետին ծառաներէն մէկն ալ, այն մարդուն ազգականը որուն ականջը Պետրոս կտրեր էր, ըսաւ, Չէ՞ որ ես քեզ տեսայ պարտէզին մէջ անոր հետ։ 27Այն ատեն Պետրոս նորէն ուրացաւ, և շուտ մը հաւը խօսեցաւ։

Յիսուս Պիղատոսին առջև

28Եւ Յիսուսը Կայիափայի տունէն կուսակալին պալատը տարին, և ալ առտու էր. ու իրենք պալատը չմտան, որպէս զի չպղծուին, հապա որպէս զի զատիկը ուտեն։ 29Ուստի Պիղատոս դուրս ելաւ անոնց ու ըսաւ, Ի՞նչ ամբարտաւանութիւն կը ներկայացնէք այս մարդուն դէմ։ 30Պատասխան տուին ու ըսին իրեն, Եթէ ատիկա չարագործ մը չըլլար, քեզի չէինք մատներ զանիկա։ 31Այն ատեն Պիղատոս ըսաւ անոնց, Դուք առէք զանիկա, ու ձեր օրէնքին համեմատ անոր դատաստանը տեսէք։ Հրեաները իրեն ըսին, Մեզի օրինաւոր չէ մարդ մը մեռցնել. 32Որպէս զի կատարուի Յիսուսի խօսքը, զոր ըսաւ՝ իմացնելով թէ ի՛նչ մահով ինք պիտի մեռնէր։ 33Իսկ Պիղատոս նորէն պալատը մտաւ, կանչեց Յիսուսը ու ըսաւ անոր, Դո՞ւն ես Հրէից թագաւորը։ 34Յիսուս պատասխան տուաւ անոր, Ատիկա դուն քեզմէ՞ կ’ըսես, թէ ինծի համար ուրիշները քեզի ըսին։ 35Պատասխան տուաւ Պիղատոս, Միթէ ես Հրեա՞յ եմ. քու ազգդ և քահանայապետները քեզ ինծի մատնեցին. ի՞նչ ըրած ես դուն։ 36Յիսուս պատասխան տուաւ, Իմ թագաւորութիւնս այս աշխարհէն չէ. եթէ այս աշխարհէն ըլլար իմ թագաւորութիւնս, իմ սպասավորներս կը կռուէին՝ որպէս զի ես Հրէից ձեռքը չմատնուիմ, բայց հիմա իմ թագաւորութիւնս ասկէ չէ։ 37Այն ատեն Պիղատոս ըսաւ անոր, Ուրեմն դուն թագաւո՞ր մըն ես. պատասխան տուաւ Յիսուս, Դուն կ’ըսես, քանզի թագաւոր եմ. ես այս բանին համար ծնած եմ, և ասոր համար եկած, որպէս զի ճշմարտութեան համար վկայեմ. այն ամէնը որ ճշմարտութենէն է՝ իմ ձայնիս ականջ կը դնէ:

Յիսուս մահուան դատապարտուած

38Պիղատոս ըսաւ անոր, Ի՞նչ է ճշմարտութիւնը. և զայս ըսելով՝ նորէն դուրս ելաւ Հրեաներուն և ըսաւ անոնց, Ես յանցանք մը չեմ գտներ անոր վրայ։ 39Բայց սովորութիւն ունիք որ մարդ մը արձակեմ ձեզի զատկիս. հիմա կ’ուզէ՞ք որ Հրէից թագաւորը արձակեմ ձեզի։ 40Այն ատեն ամէնն ալ նորէն աղաղակեցին՝ ըսելով, Մի արձակեր ատիկա, հապա Բարաբբան. ու Բարաբբա աւազակ մըն էր։

Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981