Ավետարան ըստ Հովհաննէսի
19
1Այն ատեն Պիղատոս առաւ Յիսուսը ու ծեծեց։ 2Զինուորներն ալ փուշերէ պսակ հիւսելով՝ անոր գլուխը դրին, և անոր ծիրանի հանդերձ մը հագցուցին: 3Ու կ’ըսէին, Ողջոյն քեզ, Հրէից թագաւոր. և ապտակներ կը զարնէին անոր։ 4Պիղատոս նորէն դուրս ելաւ ու ըսաւ անոնց, Ահա զանիկա դուրս կը բերեմ ձեզի, որպէս զի գիտնաք թէ ես անոր վրայ յանցանք մը չեմ գտներ։ 5Այն ատեն Յիսուս դուրս ելաւ՝ փշեղէն պսակն ու ծիրանի հանդերձը հագած. և Պիղատոս ըսաւ անոնց, Ահա այն մարդը։ 6Քահանայապետները ու սպասաւորները երբ տեսան զանիկա, աղաղակեցին ու ըսին, Խաչը հանէ, խաչը հանէ [ատիկա]։ Պիղատոս ըսաւ անոնց, Դո՛ւք առէք ատիկա ու խաչը հանեցէք, վասն զի ես ատոր վրայ յանցանք մը չեմ գտներ։ 7Հրեաները պատասխան տուին իրեն, Մենք օրէնք ունինք, և մեր օրէնքին համեմատ պէտք է որ մեռնի, վասն զի ինքզինք Աստուծայ Որդի ըրաւ։ 8Երբ Պիղատոս այս խօսքը լսեց, ալ աւելի վախցաւ։ 9Ու նորէն պալատը մտնելով՝ ըսաւ Յիսուսի, Ուրկէ՞ ես դուն. բայց Յիսուս պատասխան չտուաւ անոր։ 10Ուստի Պիղատոս ըսաւ անոր, Ինծի հետ չե՞ս խօսիր. չե՞ս գիտեր որ ես իշխանութիւն ունիմ քեզ խաչը հանելու, ու իշխանուÃիւն ունիմ քեզ արձակելու։ 11Յիսուս պատասխան տուաւ, Դուն իմ վրաս մէկ իշխանութիւն ալ չէիր ունենար, եթէ քեզի վերէն տրուած չըլլար. անոր համար՝ ան որ զիս քեզի մատնեց, անոր մեղքը աւելի մեծ է։ 12Ալ անկէ ետև Պիղատոս կը փնտռէր թէ ի՛նչպէս զանիկա արձակէ. բայց Հրեաները կ’աղաղակէին ու կ’ըսէին, Եթէ ատիկա արձակես, Կայսրին բարեկամը չես. ամէն ով որ ինքզինք թագաւոր կ’անուանէ, անիկա Կայսրին հակառակ կը խօսի։ 13Իսկ Պիղատոս երբ այս խօսքը լսեց, դուրս հանեց Յիսուսը, ու նստաւ բեմին վրայ, այն տեղը որ Քարայատակ կ’ըսուէր, և Եբրայեցերէն՝ Կապպաթա. 14(Զատկին ուրբաթ օրն էր ու ժամը վեցին ատեններն էր.) և Հրեաներուն ըսաւ, Ահա ձեր թագաւորը։ 15Բայց անոնք աղաղակեցին, Վերցուր, վերցուր, խաչը հանէ ատիկա։ Պիղատոս ըսաւ անոնց, Ձեր թագաւորը խա՞չը հանեմ։ Քահանայապետները պատասխան տուին, Մենք Կայսրէն զատ թագաւոր չունինք։ 16Այն ատեն անոնց ձեռքը տուաւ զանիկա որպէս զի խաչուի։
Յիսուս խաչին վրայ գամուեցաւ
17Անոնք ալ առին Յիսուսը ու կը տանէին. և ինք իր խաչը վերցնելով՝ ելաւ Գագաթ ըսուած տեղը, որ Եբրայեցերէն Գողգոթա կ’ըսուի։ 18Հոն զանիկա խաչը հանեցին, և անոր հետ ուրիշ երկուք ալ՝ մէկ դիէն ու միւս դիէն, և մէջտեղը Յիսուսը։ 19Տախտակ մըն ալ գրեց Պիղատոս, ու դրաւ խաչին վրայ, և այսպէս գրուած էր. Յիսուս Նազովրեցի Թագաւոր Հրէից։ 20Եւ այն տախտակը Հրեաներէն շատերը կարդացին, վասն զի քաղաքին մօտ էր այն տեղը՝ ուր Յիսուս խաչուեցաւ. ու գրուած էր Եբրայեցերէն, Յունարէն և Լատիներէն։ 21Այն ատեն Հրէից քահանայապետները Պիղատոսի ըսին, Մի գրեր Թագաւոր Հրէից, հապա թէ Ինք ըսաւ, Թագաւոր եմ Հրէից։ 22Պիղատոս պատասխան տուաւ, Ինչ որ գրեցի՝ գրեցի։ 23Եւ զինուորները երբ Յիսուսը խաչը հանեցին, անոր հանդերձները առին ու չորս բաժին ըրին, ամէն մէկ զինուորին բաժին մը. նաև պատմուճանը. իսկ պատմուճանը առանց կարի էր վերէն վար բոլորը հիւսուած. 24Ուստի ըսին իրարու, Ատիկա չպատռենք, հապա վիճակ ձգենք ատոր վրայ թէ որո՛ւ պիտի ըլլայ. որպէս զի կատարուի այն գրուածը որ կ’ըսէ, Իմ հանդերձներս իրենց մէջ բաժնեցին, և իմ պատմուճանիս վրայ վիճակ ձգեցին. ահա զինուորները այս բաները ըրին։ 25Եւ Յիսուսի խաչին քով կայներ էին իր մայրը և իր մօրը քոյրը Մարիամ, Կղէովպասի կինը, ու Մարիամ Մագդաղենացի։ 26Ուստի Յիսուս երբ տեսաւ իր մայրը, և այն աշակերտը զոր կը սիրէր, որ մօտը կայներ էր, ըսաւ իր մօրը, Ով կին, ահա քու որդիդ։ 27Ետքը ըսաւ աշակերտին, Ահա քու մայրդ. և այն ժամանակէն աշակերտը զանիկա իր քով առաւ։
Յիսուսին մահը
28Անկէ ետև Յիսուս գիտնալով թէ արդէն ամէն բան լմնցած է, (որպէս զի գրուածը կատարուի,) ըսաւ, Ծարաւ եմ։ 29Եւ հոն քացախովը լեցուն աման մը կար. անոնք ալ քացախով սպունգ մը լեցնելով, զոպայի մշտիկի վրայ փաթթած՝ անոր բերնին մօտեցուցին։ 30Ուստի Յիսուս երբ քացախը առաւ՝ ըսաւ, Ամէն բան կատարուեցաւ. ու գլուխը ծռելով՝ հոգին աւանդեց։
Յիսուսին կողը խոցուեցաւ
31Իսկ Հրեաները, որովհետև ուրբաթ օր էր, որ չըլլայ թէ այն մարմինները խաչին վրայ մնան մինչև շաբաթ օրը, (վասն զի այն շաբաթը մեծ օր էր,) Պիղատոսի աղաչեցին որ անոնց սրունքները կոտրտեն, ու վերցուին։ 32Ուստի զինուորները եկան և առաջինին սրունքները կոտրտեցին. նաև միւսինը՝ որ անոր հետ խաչը ելած էր։ 33Բայց երբ Յիսուսի եկան ու տեսան որ արդէն մեռած էր, անոր սրունքները չկոտրտեցին. 34Հապա զինուորներէն մէկը գեղարդով անոր կողը խոցեց, և շուտ մը արիւն ու ջուր ելաւ։ 35Եւ ան որ տեսաւ այս բաները՝ վկայեց, ու անոր վկայութիւնը ճշմարիտ է, և ինք գիտէ որ ճշմարիտ կ’ըսէ, որպէս զի դուք [ալ] հաւատաք։ 36Վասն զի աս բաները եղան որպէս զի կատարուի այն գրուածը թէ Անոր մէ՛կ ոսկորը պիտի չկոտրուի։ 37Եւ մէյ մըն ալ ուրիշ գրուած մը կ’ըսէ թէ Պիտի նային անոր՝ զոր խոցեցին:
Յիսուսին թաղումը
38Ասկէ ետև Յովսէփ, որ Արիմաթիայէ էր, (Յիսուսի աշակերտը եղած՝ բայց գաղտուկ Հրեաներուն վախէն,) աղաչեց Պիղատոսի, որ Յիսուսի մարմինը վերցնէ. Պիղատոս ալ հրաման տուաւ. ուստի եկաւ ու վերցուց Յիսուսի մարմինը։ 39Նիկոդեմոս ալ եկաւ, (որ առաջուընէ գիշերով Յիսուսի եկեր էր,) ու բերաւ հարիւր լիտրի չափ զմուռսի ու հալուէի խառնուրդ մը։ 40Եւ Յիսուսի մարմինը առին, ու խունկերով փաթթեցին զանիկա կտաւներու մէջ. ինչպէս Հրեաները սովորութիւն ունին թաղելու։ 41Եւ այն տեղը ուր խաչուեցաւ, պարտէզ մը կար, ու այն պարտէզին մէջ նոր գերեզման մը, որուն մէջ ամենևին մարդ դրուած չէր։ 42Հրեաներուն ուրբաթին համար հոն դրին Յիսուսը. վասն զի գերեզմանը մօտ էր։
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981