Ավետարան ըստ Հովհաննէսի
2
Կանայի հարսանիքը
1Ու երրորդ օրը հարսնիք մը կար Գալիլեայի Կանա քաղաքը, և Յիսուսի մայրը հոն էր: 2Յիսուս ալ կանչուեցաւ այն հարսնիքը, ու իր աշակերտներն ալ: 3Ու երբ գինին պակսեցաւ, Յիսուսի մայրը ըսաւ անոր, Գինի չունին: 4Յիսուս ըսաւ անոր, Ով կին, դուն ինծի հետ ի՞նչ բան ունիս. իմ ժամանակս դեռ հասած չէ: 5Իր մայրը սպասաւորներուն ըսաւ, Ինչ որ ձեզի ըսէ, ըրէք: 6Հոն վեց հատ քարէ կարասներ դրուած էին Հրէից մաքրուելու սովորութեանը համեմատ, որոնց ամէն մէկը երկու կամ երեք մար բան կ’առնէր: 7Յիսուս ըսաւ անոնց, Լեցուցէք այդ կարասները ջրով. ու լեցուցին զանոնք մինչև բերանը: 8Եւ ըսաւ անոնց, Հիմա հանեցէք ու սեղանապետին տարէք. անոնք ալ տարին: 9Ու սեղանապետը երբ գինի եղած ջուրին համը առաւ, և չէր գիտեր ուրկէ ըլլալը, (բայց սպասաւորները որոնք ջուրը քաշեր էին, գիտէին,) սեղանապետը կը խօսի փեսային, 10Ու անոր կ’ըսէ, Ամէն մարդ աղէկ գինին առաջ կը մատուցանէ, ու երբ խմած կ’ըլլան, այն ատեն ստորնագոյնը. բայց դուն աղէկ գինին մինչև հիմա պահեցիր: 11Յիսուս հրաշքներուն սկիզբը զայս ըրաւ Գալիլեայի Կանա քաղաքին մէջ, և իր փառքը յայտնեց. ու իր աշակերտները հաւատացին իրեն: 12Ասկէ ետև Յիսուս Կափառնայում իջաւ, ինք և իր մայրը ու իր եղբայրները և իր աշակերտները, ու շատ օրեր հոն չկեցան:
Յիսուս տաճար կ’երթայ
13Եւ Հրեից զատիկը մօտ էր, ու Յիսուս Երուսաղէմ ելաւ. 14Եւ տաճարին մէջ գտաւ արջառ ու ոչխար և աղաւնի ծախողները, ու ստակ փոխողներն ալ՝ որոնք նստեր էին. 15Եւ չուանէ խարազան մը շինելով՝ ամէնը տաճարէն դուրս հանեց, ոչխարներն ալ ու արջառներն ալ, և ստակ փոխողներուն պղինձները ցիրուցան ըրաւ, ու սեղանները կործանեց. 16Եւ աղաւնի ծախողներուն ըսաւ, Ասկէ վերցուցէք ասոնք, իմ Հօրս տունը առուտուրի տուն մի ընէք: 17Եւ իր աշակերտները միտքերնին բերին որ գրուած է, Քու տանդ նախանձը զիս կերաւ: 18Այն ատեն պատասխան տուին Հրեաները ու ըսին անոր, Ի՞նչ նշան կը ցուցնես մեզի՝ որ այդ բաները կ’ընես: 19Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոնց, Քակեցէք այս տաճարը, ու երեք օրուան մէջ զանիկա պիտի կանգնեմ: 20Եւ Հրեաները ըսին, Քառասունըվեց տարուան մէջ շինուեցաւ այս տաճարը, և դուն երեք օրուան մէջ պիտի կանգնե՞ս զանիկա: 21Բայց ինք իր մարմնին տաճարին համար կ’ըսէր: 22Ուստի երբ ինք մեռելներէն յարութիւն առաւ, իր աշակերտները միտքերնին բերին թէ այս բանը ըսած էր, ու հաւատացին գիրքին և Յիսուսի ըսած խօսքին:
Յիսուս ամէն մարդ կը ճանչնար
23Ու երբ զատկի տօնին ատենը Երուսաղէմ էր, շատ մարդիկ անոր ըրած հրաշքները տեսնելով՝ հաւատացին անոր անուանը: 24Բայց ինք Յիսուս իր անձը անոնց չէր հաւատար, վասն զի ինք գիտէր ամէն մարդ. 25Ու պէտք չէր որ մէկը մարդու համար վկայութիւն տար իրեն, քանզի ինք գիտէր թէ ի՛նչ կայ մարդուն ներսիդին:
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981