Ավետարան ըստ Հովհաննէսի
20
Պարապ գերեզմանը
1Եւ մէկշաբթի օրը Մարիամ Մագդաղենացի առտուանց դեռ չլուսցած գերեզմանը կու գայ, ու կը տեսնէ որ քարը գերեզմանին դուռնէն վերցուած է։ 2Ետքը կը վազէ կու գայ Սիմոն Պետրոսի և միւս աշակերտին զոր Յիսուս կը սիրէր, և կ’ըսէ անոնց, Տէրը գերեզմանէն վերցուցին, ու չենք գիտեր ո՛ւր դրին զանիկա։ 3Ուստի ելաւ Պետրոս և միւս աշակերտը, ու դէպ ի գերեզմանը կու գային։ 4Ու երկուքն ալ մէկտեղ կը վազէին. և միւս աշակերտը Պետորսէ աւելի շուտ վազելով՝ անկէ առաջ գերեզմանը եկաւ։ 5Եւ ծռելով նայեցաւ, ու տեսաւ որ կտաւները հոն կը կենային. բայց ինք ներս չմտաւ։ 6Սիմոն Պետորս ալ հասաւ, որ անոր ետևէն կու գար, ու գերեզմանը մտա, և տեսաւ կտաւները որոնք հոն կը կենային. 7Ու վարշամակը որ անոր գլուխն էր՝ ուրիշ կտաւներուն հետ չէր, հապա ծալլած զատ մէկ կողմը դրուած էր։ 8Այն ատեն ներս մտաւ միւս աշակերտն ալ՝ որ առաջ գերեզմանը եկեր էր, տեսաւ ու հաւատաց։ 9Վասն զի դեռ գրուածը չէին գիտեր, թէ Պէտք է որ անիկա մեռելներէն յարութիւն առնէ։ 10Ետքը աշակերտները նորէն իրենց տունը գացին։
Յիսուս Մարիամ Մագդաղենացիին կ’երևի
11Բայց Մարիամ գերեզմանին դուրսը կայներ էր և կու լար, ու երբ կու լար՝ դէպ ի գերեզմանը ծռեցաւ նայելու. 12Եւ տեսաւ երկու հրեշտակներ ճերմակ հանդերձներով, որ նստեր էին ուր Յիսուսի մարմինը դրուած էր, մէկը գլխուն կողմէն՝ ու միւսը ոտքին կողմէն։ 13Եւ անոնք իրեն ըսին, Ով կին, ինչո՞ւ կու լաս. ըսաւ անոնց, Անոր համար որ իմ Տէրս գերեզմանէն վերցուցին, ու չեմ գիտեր ո՛ւր դրին զանիկա։ 14Զայս որ ըսաւ՝ ետին դարձաւ և տեսավ Յիսուսը որ կայներ էր, ու չէր գիտեր թէ Յիսուս է։ 15Յիսուս անոր ըսաւ, Ով կին, ինչո՞ւ կու լաս, ո՞վ կը փնտռես։ Ինք կարծելով թէ անիկա պարտիզպանն է, ըսաւ անոր, Տէր, եթէ դուն վերցուցիր զանիկա, ըսէ ինծի, ո՞ւր դրիր զայն, որպէս զի ես զանիկա առնեմ։ 16Յիսուս ըսաւ անոր, Մարիամ. ան ալ դարձաւ ու [Եբրայեցերէն] անոր ըսաւ, Ռաբբունի, որ Վարդապետ ըսել է։ 17Յիսուս ըսաւ անոր, Ինծի մի դպչիր, վասն զի դեռ Հօրս քով ելած չեմ. հապա գնա եղբայրներուս և ըսէ անոնց, Ես կ’ելլեմ իմ Հօրս քով ու ձեր Հօրը քով, և իմ Աստուծոյս քով ու ձեր Աստուծոյն քով։ 18Մարիամ Մագդաղենացի եկաւ ու աշակերտներուն պատմեց թէ ինք Տէրը տեսաւ, և թէ անիկա այս բաները իրեն զրուցեց։
Յիսուս իր աշակերտներուն կ’երևի
19Եւ նոյն օրը, մէկշաբթի իրիկունը, աշակերտներուն ժողվուած տեղին դռները գոց ըլլալով՝ Հրեաներէն վախնալնուն համար, Յիսուս եկաւ և անոնց մէջտեղը կայնեցաւ, ու ըսաւ անոնց, Խաղաղութիւն ձեզի։ 20Եւ զայս ըսելով՝ իր ձեռքերը ու կողը ցուցուց անոնց. աշակերտներն ալ ուրախացան երբ Տէրը տեսան։ 21Եւ Յիսուս նորէն ըսաւ անոնց, Խաղաղութիւն ձեզի. ինչպէս Հայրը զիս ղրկեց, ես ալ ձեզ կը ղրկեմ։ 22Եւ զայս ըսելով՝ անոնց վրայ փչեց, ու ըսաւ անոնց, Առէք Հոգի Սուրբ. 23Որոնց մեղքերը թողուք, թողուած ըլլայ անոնց, և որոնց մեղքերը ետ բռնէք, բռնուած ըլլայ։
Յիսուս և Թովմաս
24Բայց տասուերկուքէն մէկը, Երկուորեակ ըսուած Թովմաս, անոնց հետ չէր՝ երբ Յիսուս եկաւ։ 25Ուստի միւս աշակերտները կըսէին անոր թէ Տէրը տեսանք. ան ալ ըսաւ անոնց, Եթէ իր ձեռքերուն վրայ բևեռներուն նշանը չտեսնեմ, ու մատս բևեռներուն տեղը չխոթեմ, և իմ ձեռքս անոր կողը չխոթեմ՝ չեմ հաւատար։ 26Եւ ութ օրէն ետև դարձեալ աշակերտները ներսն էին, Թովմաս ալ անոնց հետ. եկաւ Յիսուս, դռները գոց ըլլալով. ու կայնեցաւ անոնց մէջտեղը և ըսաւ, Խաղաղութիւն ձեզի։ 27Ետքը ըսաւ Թովմասի, Մատդ հոս բեր և նայէ իմ ձէռքերս, ու բեր քու ձեռքդ և իմ կողս խոթէ, ու մի ըլլար անհաւատ, հապա հաւատացեալ։ 28Եւ Թովմաս պատասխան տուաւ ու ըսաւ անոր, Իմ Տէրս և իմ Աստուածս։ 29Յիսուս ըսաւ անոր, Որովհետև դուն զիս տեսար՝ հաւատացիր. երանի՜ անոնց որ տեսած չեն ու կը հաւատան։
Այս գրքին նպատակը
30Եւ Յիսուս շատ ուրիշ նշաններ ալ ըրաւ իր աշակերտներուն առջև, որոնք այս գիրքին մէջ գրուած չեն։ 31Բայց ասոնք գրուեցան, որպէս զի հաւատաք թէ Յիսուսը Քրիստոսն է, Աստուծոյ Որդին, և որպէս զի հաւատալով կեանք ունենաք անոր անունովը։
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981