Ղևտացիների գիրք
9
Ահարոն պատարագ կը մատուցանէ
1Եւ եղաւ որ ութերորդ օրը Մովսէս կանչեց Ահարոնը ու անոր որդիները և Իսրայէլի ծերերը. 2Եւ ըսաւ Ահարոնի, Առ քեզի մեղքի պատարագի համար արջառներէն զուարակ մը, ու ողջակէզի համար խոյ մը. անոնք անարատ ըլլան. և Տէրոջը առջև մօտեցուր: 3Եւ Իսրայէլի որդիներուն պիտի խօսիս՝ ըսելով, Մեղքի պատարագի համար այծերէն նոխազ մը, և ողջակէզի համար զուարակ մը ու գառնուկ մը առէք. մէկ տարեկան՝ անարատ ըլլան: 4Նաև խաղաղութեան զոհերուն համար Տէրոջը առջև զոհելու արջառ մը ու խոյ մը ու իւղով շաղուած հացի ընծայ պիտի առնէք. վասն զի այսօր Տէրը ձեզի պիտի երեւնայ: 5Եւ Մովսէսի պատուիրածը ժողովքի խորանին առջև բերին. ու բոլոր ժողովքը մօտեցան ու Տէրոջը առջև կայնեցան : 6Եւ Մովսես ըսաւ, Այս է Տէրոջը պատուիրած բանը. ասիկա ըրէք, ու Տէրոջը փառքը ձեզի պիտի երեւնայ: 7Եւ Մովսէս ըսաւ Ահարոնի, Սեղանին մօտեցիր, ու քու մեղքի պատարագդ և ողջակէզդ ըրէ, և քեզի համար ու ժողովուրդին համար քաւութիւն ըրէ. և ժողովուրդին ընծան մատուցանելով՝ անոնց համար քաւութիւն ըրէ Տէրոջը պատուիրածին պէս: 8Ուստի Ահարոն սեղանին մօտեցաւ, և իրեն համար եղած մեղքի պատարագին զուարակը մորթեց: 9Եւ Ահարոնի որդիները արիւնը մօտեցուցին անոր. ու անիկա իր մատը արիւնը թաթխեց, ու սեղանին եղջիւրներուն վրայ դրաւ, և մնացած արիւնը սեղանին յատակը թափեց. 10Բայց մեղքի պատարագէն ճարպը ու երիկամունքները և լեարդին թաղանթը սեղանին վրայ այրեց, ինչպես Տէրը Մովսէսի պատուիրեր էր: 11Եւ միսը ու մորթը բանակին դուրսիդին կրակով այրեց: 12Եւ ողջակէզը մորթեց. ու Ահարոնի որդիները արիւնը անոր բերին, և սեղանին վրայ շուրջանակի սրսկեց զայն ։ 13Եւ ողջակէզը կտորներովը ու գլխովը անոր բերին, և սեղանին վրայ այրեց: 14Եւ փորոտիքը ու ոտքերը լուաց, ու սեղանին վրայի ողջակէզին վրայ այրեց: 15Եւ ժողովուրդին ընծան մօտեցուց, ու ժողովուրդին համար մեղքի պատարագ ըլլալու նոխազը առաւ, և մորթեց զանիկա, ու մեղքի պատարագ ըրաւ առաջուանին պէս: 16Եւ ողջակէզը մօտեցուց ու ըստ օրինի մատուց: 17Եւ հացի ընծան մօտեցուց, ու անկէ ձեռքը լեցուց և սեղանին վրայ այրեց, առտուան ողջակէզէն զատ: 18Եւ ժողովուրդին խաղաղութեան զոհ ըլլալու արջառը ու խոյը մորթեց. և Ահարոնի որդիները արիւնը անոր բերին, ու սեղանին վրայ շուրջանակի սրսկեց զայն : 19Եւ արջառէն ճարպերը, ու խոյէն դմակը և փորոտիքը ծածկող ճարպը , ու երիկամունքները ու լեարդին թաղանթը բերին . 20Եւ ճարպերը երբուծներուն վրայ դրին, ու ճարպերը սեղանին վրայ այրեց: 21Եւ Ահարոն երբուծները ու աջ զիստը Տէրոջը առջև երերցնելու ընծայ մատուց, Մովսէսի պատուիրածին պէս: 22Եւ Ահարոն իր ձեռքերը ժողովուրդին վրայ վերցուց ու օրհնեց զանոնք. և մեղքի պատարագը ու ողջակէզը և խաղաղութեան զոհերը մատուցանելէն ետքը իջաւ: 23Եւ Մովսէս ու Ահարոն ժողովքի խորանը մտան, և անկէ ելլելով ժողովուրդը օրհնեցին. և Տէրոջը փառքը բոլոր ժողովուրդին երեւցաւ։ 24Եւ Տէրոջը առջեւէն կրակ ելաւ, ու սեղանին վրայ եղած ողջակէզը և ճարպը այրեց. և բոլոր ժողովուրդը տեսնելով՝ աղաղակեցին ու երեսնուն վրայ ինկան:
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981