Հայտնութիւն
1
1Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, զոր Աստուած անոր տուաւ իր ծառաներուն ցուցնելու ինչ որ շուտով պէտք է ըլլայ. և իր հրեշտակին ձեռքով ղրկելով` իր Յովհաննէս ծառային իմացուց, 2Որ Աստուծոյ խօսքին վկայութիւնը ըրաւ, ու Յիսուս Քրիստոսի վկայութիւնը` ինչ որ տեսաւ: 3Երանի՛ անոր որ կը կարդայ, ու անոնց որ կը լսեն այս մարգարէութեան խօսքերը, և կը պահեն ինչ որ անոր մէջ գրուած է. վասն զի ժամանակը մօտ է:
Բարև եօթը եկեղեցիներուն
4Յովհաննէսէ եօթը եկեղեցիներուն որոնք Ասիայի մէջ են. շնորհք և խաղաղութիւն ձեզի Անկէ որ է և որ էր և որ պիտի գայ, ու եօթը Հոգիներէն` որոնք անոր աթոռին առջև են, 5Եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայէն, որ մեռելներուն անդրանիկն է ու երկրի թագաւորներուն իշխանը. անոր որ մեզ սիրեց, ու մեզ իր արիւնովը մեր մեղքերէն լուաց, 6Եւ մեզ թագաւորներ ու քահանաներ ըրաւ Աստուծոյ ու իր Հօրը. անոր փառք և զօրութիւն յաւիտեանս յաւիտենից: Ամէն: 7Ահա ամպերով կու գայ. ու ամէն աչք պիտի տեսնէ զանիկա, և անոնք որ զանիկա խոցեցին, և անոր վրայ կոծ պիտի ընեն երկրի բոլոր ազգերը: 8Այո, Ամէն: Ես եմ Ալֆա և Օմէղա, կ’ըսէ Տէր [Աստուած], որ է և որ էր և որ պիտի գայ, Ամենակալը:
Տեսիլք մը
9Ես Յովհաննէս ձեր եղբայրը, և Յիսուս Քրիստոսի նեղութեանը ու արքայութեանը և համբերութեանը մէջ ընկերակիցը, Պատմոս ըսուած կղզին էի` Աստուծոյ խօսքին համար ու Յիսուս Քրիստոսի վկայութեանը համար: 10Եւ կիրակի օրը Հոգին իմ վրաս եկաւ, ու ետևէս մեծ ձայն մը լսեցի փողի ձայնի պէս, որ կ’ըսէր, 11Ինչ որ կը տեսնես, գիրքի մը մէջ գրէ, ու ղրկէ եօթը եկեղեցիներուն, որոնք Եփեսոսի, ու Զմիւռնիայի, և Պերգամոնի, ու Թիւատիրի, և Սարդիկէի, ու Փիղադեղփիայի, և Լաւոդիկիայի մէջ են: 12Եւ դարձայ այն ձայնը տեսնելու` որ ինծի կը խօսէր. ու երբ դարձայ` եօթը ոսկեղէն աշտանակներ տեսայ. 13Եւ եօթը աշտանակներուն մէջ` մէկը Որդւոյ մարդոյ նման, պճղնաւոր պատմուճան մը հագած ու կուրծքին վրայ ոսկի գօտի մը կապած. 14Եւ իր գլուխը ու մազերը` բուրդի պէս ճերմակ ու ձիւնի պէս, ու իր աչքերը` կրակի բոցի պէս. 15Եւ իր ոտքերը` ոսկեպղինձի նման, որպէս թէ հնոցի մէջ կրակ դարձած, ու իր ձայնը` շատ ջուրերու ձայնի պէս. 16Եւ իր աջ ձեռքին մէջ եօթը աստղ ունէր, ու իր բերնէն սրած երկբերան սուր մը կ’ելլէր, և իր երեսը արևու պէս էր` որ իր զօրութիւնովը կը փայլի: 17Ու երբ տեսայ զանիկա, իր ոտքը ինկայ մեռելի պէս, ու իր աջ ձեռքը իմ վրաս դրաւ ու ըսաւ ինծի, Մի վախնար. ես եմ Առաջինը ու Վերջինը. 18Եւ ես կենդանի եմ, ու ես ան եմ որ մեռայ, և ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից. և ես ունիմ մահուան ու դժոխքին բանալիները: 19[Ուստի] գրէ ինչ որ կը տեսնես, զայն որ կայ ու զայն որ ետքը պիտի ըլլայ. 20Եօթը աստղերուն խորհուրդը` զոր իմ աջ ձեռքիս մէջ տեսար, և եօթը ոսկեղէն աշտանակները. այն եօթը աստղերը եօթը եկեղեցիներուն հրեշտակներն են. և եօթը աշտանակները եօթը եկեղեցիներն են:
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981