Հայտնութիւն
20
Հազարամեան
1Եւ հրեշտակ մը տեսայ, որ երկինքէն կ’իջնէր, ու անդունդին բանալին և մեծ շղթայ մը ունէր իր ձեռքը. 2Ու բռնեց վիշապը, այսինքն առաջին օձը, որ բանսարկուն ու սատանան է, և կապեց զանիկա հազար տարի. 3Ու անդունդը ձգեց զանիկա, և գոցեց ու վրայէն կնքեց, որ ա°լ չմոլորեցնէ ազգերը` մինչև հազար տարին լմննայ, և անկէ ետքը պէտք է որ արձակուի անիկա քիչ մը ժամանակ: 4Եւ աթոռներ տեսայ, ու նստան անոնց վրայ. և անոնց դատաւորութիւն տրուեցաւ. նաև Յիսուսի վկայութեանը համար ու Աստուծոյ խօսքին համար գլխատուածներուն հոգիները տեսայ, և զանոնք որ երկրպագութիւն չըրին գազանին, ոչ ալ անոր պատկերին, ու անոր դրոշմը իրենց ճակատներուն վրայ ու իրենց ձեռքին վրայ չընդունեցին. և ապրեցան ու Քրիստոսի հետ հազար տարի թագաւորեցին: 5Եւ ուրիշ մեռելները չապրեցան մինչև հազար տարին կատարուեցաւ. ասիկա է առաջին յարութիւնը: 6Երանելի և սուրբ է ան որ առաջին յարութեանը մէջ բաժին ունի. ասոնց վրայ երկրորդ մահը իշխանութիւն չունի, հապա անոնք Աստուծոյ և Քրիստոսի քահանաները պիտի ըլլան, ու անոր հետ հազար տարի պիտի թագաւորեն:
Սատանայի պարտութիւնը
7Եւ հազար տարուան լրանալուն` պիտի արձակուի սատանայ իր բանտէն. և պիտի ելլէ ու մոլորեցնէ երկրի չորս անկիւնները եղող ազգերը, Գոգը ու Մագոգը, որպէս զի զանոնք պատերազմի ժողվէ, որոնց համրանքը ծովու աւազին չափ է: 8Ու երկրի ընդարձակութեանը մէջ ելան, և սուրբերուն բանակը ու սիրելի քաղաքը չորս կողմէն պատեցին: 9Եւ երկինքէն Աստուծմէ կրակ իջաւ ու սպառեց զանոնք. և բանսարկուն որ զանոնք մոլորեցուց, ձգուեցաւ կրակի ու ծծումբի լիճին մէջ, ուր էր գազանը, 10Եւ սուտ մարգարէն. ու պիտի չարչարուին ցորեկ ու գիշեր յաւիտեանս յաւիտենից:
Վերջին դատաստանը
11Եւ մեծ ճերմակ աթոռ մը տեսայ, ու անոր վրայ մէկը նստած, որուն երեսէն երկիր ու երկինք փախան, և տեղ չգտնուեցաւ անոնց: 12Եւ տեսայ պզտիկ ու մեծ մեռելները, որոնք Աստուծոյ առջև կայնած էին. ու գիրքերը բացուեցան, և ուրիշ գիրք մը բացուեցաւ, այսինքն կենաց գիրքը. և գիրքերուն մէջ գրուածներէն մեռելները դատուեցան իրենց գործերուն համեմատ: 13Եւ ծովը իր մէջի մեռելները տուաւ, ու մահը և դժոխքը իրենց մէջի մեռելները տուին. ու ամէն մէկը իրենց գործերուն համեմատ դատուեցան: 14Եւ մահը ու դժոխքը կրակի լիճին մէջ ձգուեցան. ասիկա է երկրորդ մահը: 15Եւ ով որ կենաց գիրքին մէջ գրուած չգտնուեցաւ, կրակի լիճին մէջ ձգուեցաւ:
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981