Հայտնութիւն
5
Կնքուած գիրքը և գառնուկը
1Եւ աթոռին վրայ նստողին աջ ձեռքը գիրք մը տեսայ` ներսէն ու դուրսէն գրուած, և եօթը կնիքով կնքուած: 2Ու զօրաւոր հրեշտակ մը տեսայ` որ մեծ ձայնով կը կանչէր, Ո՞վ արժանի է այդ գիրքը բանալու և ատոր կնիքները քակելու: 3Եւ ոչ երկինքի մէջ, ոչ երկրի վրայ ու ոչ երկրի տակ գտնուեցաւ մէկը` որ կարող ըլլար այն գիրքը բանալ, ոչ ալ անոր նայիլ: 4Ես ալ սաստիկ կու լայի` որ մէ՛կը արժանի չգտնուեցաւ այն գիրքը բանալու, ոչ ալ անոր նայելու: 5Ու երէցներէն մէկը ըսաւ ինծի, Մի լար. ահա Յուդայի ցեղէն եղող Առիւծը, Դաւիթի Արմատը, յաղթեց այն գիրքը բանալու ու անոր եօթը կնիքները քակելու: 6Եւ տեսայ որ աթոռին ու չորս կենդանիներուն մէջտեղ և երէցներուն մէջտեղ կայնած Գառնուկ մը կար, որպէս թէ մորթուած, որ եօթը եղջիւր ու եօթը աչք ունէր, որոնք Աստուծոյ եօթը Հոգիներն են` որ բոլոր երկիր կը ղրկուին: 7Եւ անիկա եկաւ ու աթոռին վրայ նստողին աջ ձեռքէն գիրքը առաւ: 8Ու երբ գիրքը առաւ, չորս կենդանիները ու քսանըչորս երէցները Գառնուկին առջև ինկան, և ամէնն ալ քնարներ ունէին, ու ոսկիէ խնկամաններ` խունկով լեցուն, որ սուրբերուն աղօթքն է: 9Եւ նոր երգ մը կ’երգէին` ըսելով, Արժանի ես դուն այդ գիրքը առնելու և ատոր կնիքները բանալու. վասն զի մորթուեցար, ու մեզ ծախու առիր Աստուծոյ` քու արիւնովդ ամէն ցեղէ ու լեզուէ և ժողովուրդէ ու ազգէ. 10Եւ մեզ մեր Աստուծոյն թագաւորներ ու քահանաներ ըրիր, ու երկրի վրայ պիտի թագաւորենք: 11Եւ նայեցայ` ու շատ հրեշտակներու ձայն լսեցի, որոնք աթոռին ու կենդանիներուն և երէցներուն բոլորտիքն էին. ու անոնց թիւն էր բիւրք բիւրուց և հազարք հազարաց. 12Որոնք մեծ ձայնով կ’ըսէին, Այդ մորթուած Գառնուկը արժանի է զօրութիւն ու հարստութիւն և իմաստութիւն ու կարողութիւն և պատիւ ու փառք և օրհնութիւն առնելու: 13Եւ բոլոր արարածները, որ երկինքի մէջ ու երկրի վրայ ու երկրի տակ և ծովու մէջ, ու ամէն ինչ որ անոնց մէջ կայ` լսեցի որ կ’ըսէին, Աթոռին վրայ նստողին և Գառնուկին օրհնութիւն ու պատիւ և փառք ու զօրութիւն յաւիտեանս յաւիտենից: 14Եւ չորս կենդանիները կ’ըսէին, Ամէն. ու երէցները ինկան ու երկրպագութիւն ըրին:
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981