Հայտնութիւն

7

Իսրայէլացի 144.000 ժողովուրդ

1Եւ անկէ ետև տեսայ չորս ` որոնք երկրի չորս անկիւնը կեցեր էին, ու երկրի չորս հովերը բռներ էին. որպէս զի երկրի վրայ հով չփչէ, ու ոչ ծովու վրայ, ոչ ալ ծառի մը վրայ: 2Եւ ուրիշ հրեշտակ մը տեսայ որ արևելքէն ելաւ, ու Կենդանի Աստուծոյ կնիքը ունէր. և մեծ ձայնով մը աղաղակեց այն չորս հրեշտակներուն, որոնց իշխանութիւն տրուած էր երկրի ու ծովուն վնասելու, 3Ու ըսաւ, Երկրի վնաս մի ընէք, ոչ ծովուն, ոչ ալ ծառերուն, մինչև մեր Աստուծոյն ծառաներուն ճակատները կնքենք: 4Եւ կնքուածներուն համրանքը լսեցի` որ էր հարիւր քառասունչորս հազար` Իսրայէլի որդիներուն բոլոր ցեղերէն կնքուած. 5Յուդայի ցեղէն տասուերկու հազար կնքուած, Ռուբէնի ցեղէն տասուերկու հազար կնքուած, Գադի ցեղէն տասուերկու հազար կնքուած, 6Ասերի ցեղէն տասուերկու հազար կընքուած, Նեփթաղիմի ցեղէն տասուերկու հազար կնքուած, Մանասէի ցեղէն տասուերկու հազար կնքուած, 7Շմաւոնի ցեղէն տասուերկու հազար կնքուած, Ղևիի ցեղէն տասուերկու հազար կնքուած, Իսաքարի ցեղէն տասուերկու հազար կնքուած, 8Զաբուղոնի ցեղէն տասուերկու հազար կնքուած, Յովսէփի ցեղէն տասուերկու հազար կնքուած, Բենիամինի ցեղէն տասուերկու հազար կնքուած:

Մեծ բազմութիւն

9Ասկէ ետքը տեսայ, և ահա մեծ բազմութիւն` զոր մէ՛կը չէր կրնար համրել, բոլոր ազգերէն ու ցեղերէն և ժողովուրդներէն ու լեզուներէն, որոնք աթոռին առջև ու Գառնուկին առջև կեցեր էին` ճերմակ հանդերձներ հագած և ձեռքերնին արմաւենիներ բռնած. 10Եւ մեծաձայն կ’աղաղակէին` ըսելով, Փրկութիւն մեր Աստուծոյն` որ աթոռին վրայ կը նստի, ու Գառնուկին: 11Եւ բոլոր հրեշտակները աթոռին ու երէցներուն և չորս կենդանիներուն բոլորտիքը կեցեր էին, ու իրենց երեսներուն վրայ աթոռին առջև ինկան ու Աստուծոյ երկրպագութիւն ըրին, 12Ըսելով, Ամէն. օրհնութիւն ու և իմաստութիւն ու գոհութիւն և պատիւ ու զօրութիւն և կարողութիւն մեր Աստուծոյն յաւիտեանս յաւիտենից: Ամէն: 13Ու երէցներէն մէկը պատասխան տալով` ինծի ըսաւ, Ասոնք որ ճերմակ հանդերձներ հագած են` ո՞վ են, և ուրկէ՞ եկան: 14Ես ալ ըսի անոր, Տէր իմ, դուն գիտես. ու ըսաւ ինծի, Ասոնք են մեծ նեղութենէ եկողները, որոնք իրենց հանդերձները լուացին, ու զանոնք Գառնուկին արիւնովը ճերմըկցուցին. 15Անոր համար Աստուծոյ աթոռին առջև են, և իրեն կը ծառայեն ցորեկ ու գիշեր իր տաճարին մէջ. և աթոռին վրայ նստողը իր վրանը պիտի տարածէ անոնց վրայ: 16Այսուհետև ոչ պիտի անօթենան ու ոչ ծարաւին, ոչ ալ արևը կամ տաքութիւն մը անոնց վրայ պիտի իյնայ. 17Վասն զի Գառնուկը որ աթոռին մէջ է, պիտի հովուէ զանոնք, ու կենդանի ջուրերու աղբիւրները պիտի առաջնորդէ զանոնք. և բոլոր արցունքները պիտի սրբէ անոնց աչքերէն:

Աստվածաշունչ «Արեւմտահայերեն» Թարգմանություն (1981)