Հայտնութիւն
8
Եօթներորդ կնիքը
1Ու երբ եօթներորդ կնիքը բացաւ, լռութիւն եղաւ երկինքը կէս ժամու չափ: 2Եւ տեսայ այն եօթը հրեշտակները, որոնք Աստուծոյ առջև կը կայնէին. ու անոնց եօթը փող տրուեցաւ: 3Եւ ուրիշ հրեշտակ մը եկաւ սեղանին առջև կայնեցաւ, ու ոսկեղէն խնկանոց մը ունէր. և իրեն շատ խունկ տրուեցաւ, որպէս զի բոլոր սրբոց աղօթքներուն հետ աթոռին առջև եղող ոսկի սեղանին վրայ մատուցանէ: 4Եւ խունկերուն ծուխը սրբոց աղօթքներուն հետ հրեշտակին ձեռքէն Աստուծոյ առջև ելաւ: 5Ու հրեշտակը առաւ խնկանոցը ու զանիկա սեղանին կրակէն լեցուց, և ձգեց երկրի վրայ. ու եղան ձայներ և որոտումներ ու փայլակներ ու երկրաշարժ:
Փողերը
6Եւ եօթը հրեշտակները, որոնք եօթը փողերը ունէին, պատրաստուեցան որ հնչեցնեն: 7Եւ առաջին հրեշտակը փողը հնչեցուց, ու եղաւ կարկուտ ու կրակ արիւնով խառնուած, ու երկրի վրայ ձգուեցաւ, [ու երկրի երրորդ մասը այրեցաւ,] և ծառերուն երրորդ մասը այրեցաւ, ու ամէն կանանչ խոտ այրեցաւ: 8Ու երկրորդ հրեշտակը փողը հնչեցուց, և որպէս թէ մեծ լեռ մը կրակով բորբոքած` ծովը ձգուեցաւ, ու ծովուն երրորդ մասը արիւն եղաւ. 9Եւ ծովուն մէջի շնչաւոր արարածներուն երրորդ մասը մեռաւ, ու նաւերուն երրորդ մասը կորսուեցաւ: 10Ու երրորդ հրեշտակը փողը հնչեցուց, ու երկինքէն մեծ աստղ մը ինկաւ ղամբարի պէս բորբոքած, և գետերուն ու ջուրի աղբիւրներուն երրորդ մասին վրայ ինկաւ: 11Եւ այն աստղին անունը Օշինդր էր. ու ջուրերուն երրորդ մասը օշինդր եղաւ, և շատ մարդիկ ջուրերէն մեռան, քանզի դառն եղան: 12Եւ չորրորդ հրեշտակը փողը հնչեցուց, ու արևին երրորդ մասը և լուսնին երրորդ մասը ու աստղերուն երրորդ մասը զարնուեցաւ, այնպէս որ անոնց երրորդ մասը խաւարի, և օրուան երրորդ մասը լոյս չտայ, նոյնպէս ալ գիշերուանը: 13Եւ նայեցայ` ու երկինքի մէջ թռչող հրեշտակի մը ձայն լսեցի, որ մեծ ձայնով կ’ըսէր, Վա՜յ, վա՜յ, վա՜յ երկրի վրայ բնակողներուն` այն մնացած փողի ձայներուն համար, զորոնք երեք հրեշտակները պիտի հնչեցնեն:
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981