Հռովմայեցիս

16

Անձնական բարևներ

1Ձեզի կը յանձնեմ մեր Փիբէ քոյրը, որ Կենքրայի եկեղեցւոյն սպասաւորն է. 2Որպէս զի զանիկա ընդունիք Տէրոջմով՝ ինչպէս սուրբերուն արժան է. և անոր խնամք տանիք ինչ բանի մէջ որ ձեր օգնութեանը կարօտի. քանզի ինք ալ շատերու խնամք տարաւ, ու ինծի ալ։ 3Բարև ըրէք Պրիսկէի ու Ակիւղասի՝ Քրիստոս Յիսուսով իմ գործակիցներուս. 4(Որոնք իմ կեանքիս համար իրենց պարանոցները տուին. որոնցմէ ոչ թէ միայն ես շնորհակալ կ’ըլլամ, հապա հեթանոսներուն բոլոր եկեղեցիներն ալ.) 5Եւ անոնց տանը մէջի եկեղեցիին ալ։ Բարև ըրէք Եպենետոս իմ սիրելիիս, որ Աքայիայէ առաջին մըն է Քրիստոսի։ 6Բարև ըրէք Մարիամի, որ մեր վրայ շատ աշխատեցաւ։ 7Բարև ըրէք Անդրոնիկոսի ու Յունիայի, իմ ազգականներուս և գերութեան ընկերներուս, որոնք առաքեալներուն մէջ երևելիներ են, որոնք ինծմէ ալ առաջ Քրիստոսի եղան։ 8Բարև ըրէք Ամպղիա իմ սիրելիիս Տէրոջմով։ 9Բարև ըրէք Ուրբանոս մեր գործակցին Քրիստոսով, ու Ստաքէս իմ սիրելիիս։ 10Բարև ըրէք Ապեղէսի որ ընտրեալ է Քրիստոսով։ 11Բարև ըրէք անոնց որոնք Արիստաբուղոսի տունէն են։ Բարև ըրէք Հերովդիոն իմ ազգականիս։ Բարև ըրէք անոնց որոնք Նարկէսի տունէն են, Տէրոջմով։ 12Բարև ըրէք Տրիփոնէի ու Տրիփոսէի, Տէրոջմով աշխատողներուն։ Բարև ըրէք Պերսիդէ սիրելիին, որ շատ աշխատեցավ Տէրոջմով։ 13Բարև ըրէք Ռուփոսի, Տէրոջմով ընտրուածին, ու անոր մօրը և իմին։ 14Բարև ըրէք Ասինկրիտոսի, Փղեգոնի, Երմասի, Պատրոբայի, Երմէսի ու անոնց հետ եղող եղբայրներուն։ 15Բարև ըրէք Փիղողոդոսի ու Յուլիայի, Ներէոսի ու անոր քրոջը, և Ողիմպասի ու անոնց հետ եղող բոլոր սուրբերուն։ 16Բարև ըրէք իրարու սրբութեան համբուրով։ Բարև կ’ընեն ձեզի Քրիստոսի [բոլոր] եկեղեցիները։

Վերջին հրահանգները

17Կ’աղաչեմ ձեզի, եղբայրներ, որ դիտէք այնպիսիները որոնք ձեր սորված վարդապետութենէն դուրս հերձուածողութիւններ ու գայթակղութիւններ կ’ընեն, և անոնցմէ ետ կեցէք։ 18Վասն զի այնպիսիները մեր Տէրոջը Քրիստոսի չեն ծառայեր, հապա իրենց որովայնին. և անոյշ խօսքերով ու գովութիւններով պարզամիտներուն սիրտերը կը խաբեն։ 19Քանզի ձեր հնազանդութիւնը ամէնուն հասած է. ուստի ձեր վրայ ուրախ եմ. բայց կ’ուզեմ որ դուք իմաստուն ըլլաք բարիին, ու միամիտ՝ չարին։ 20Եւ խաղաղութեան Աստուածը խորտակէ սատանան շուտով ձեր ոտքերուն տակ։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ ըլլայ։ 21Բարև կ’ընէ ձեզի Տիմոթէոս իմ գործակիցս, և Ղուկիոս ու Յասոն և Սոսիպատրոս, իմ ազգականներս։ 22(Բարև կ’ընեմ ձեզի Տէրոջմով ես ալ Տերտիոս, որ այս թուղթը գրեցի։) 23Բարև կ’ընէ ձեզի Գայիոս, իմ ու բոլոր եկեղեցիին հիւրընկալը։ Բարև կ’ընէ ձեզի Երաստոս, քաղաքիս գանձապետը, ու Կուարտոս եղբայրը։ 24Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամէնուն հետ ըլլայ։ Ամէն։ 25Արդ անոր, որ կարող է ձեզ հաստատել իմ աւետարանիս պէս ու Յիսուս Քրիստոսի քարոզութեանը պէս, այն խորհուրդին յայտնուելուն պէս՝ որ յաւիտենական ատեններէն ի վեր ծածկուած էր, 26Եւ հիմա յայտնուեցաւ, ու մարգարէական գիրքերով յաւիտենական Աստուծոյ հրամանով բոլոր հեթանոսներուն ճանչցուեցաւ հաւատքի հնազանդելու համար, 27Մի միայն իմաստուն Աստուծոյն, Յիսուս Քրիստոսի ձեռքով, յաւիտեանս։ Ամէն։

Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981